Joint statement March 26, 2021
Ձևավորելով Դիմացկունություն Ապատեղեկատվության և Կեղծ Պատմույթների Նկատմամբ
Փոքր դրամաշնորհներ Հայաստանում քաղհասարակության կառույցներին և մեդիակազմակերպություններին՝ իրազեկման և տեղեկացվածության բարձրացման նախաձեռնությունների համար
Հայտադիմումներ ներկայացնելու հրավեր
Թողարկման ամսաթիվ: Մարտի 24, 2021
Դիմումների վերջնաժամկետն ու լրացման կարգը՝
Freedom House-ի կողմից դիմումների ստացման վերջնաժամկետն է ապրիլի 20, ժամը 07:59 Երևանի ժամանակով։
Դրամաշնորհի բոլոր հայտերը պետք է էլեկտրոնային եղանակով ներկայացվեն [email protected] էլ. հասցեին՝ թեմա դաշտում նշելով «Building Resilience to Disinformation in Armenia»։
ԴՐԱՄԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ
Freedom House֊ը դրամական աջակցություն ստանալու հայտադիմում ներկայացնելու է հրավիրում Հայաստանի Հանրապետությունում գրանցված և գործող քաղաքացիական հասարակության կազմակերպություններին (ՀԿ) և կոալիցիաներին, որոնք ձգտում են բարձրացնել տեղեկացվածությունը ապատեղեկատվության և ժողովրդավարության վրա դրա ազդեցության մասին։ Ապատեղեկատվությունը, որը տարբերվում է ոչ ճշգրիտ տեղեկատվությունից և կեղծ լուրերից, նպատակադրված օգտագործվում է հանրային կարծիքի վրա ազդելու, ճշմարտությունը խեղաթյուրելու և հասարակությունը բաժանելու համար։
Ներկայացվող նախագծերը նպատակ կունենան շահերի պաշտպանության, կրթության, իրազեկվածության մակարդակի բարձրացման և/կամ վերապատրաստման նախաձեռնությունների միջոցով նպաստել բևեռացնող հարցերի շուրջ կառուցողական երկխոսությանը և խթանել վստահությունն ու դիմացկունությունը հիմնական շահագրգիռ կողմերի, այդ թվում` կենտրոնական և/կամ տեղական իշխանությունների, տեղական և մարգինալացված համայնքների, քաղհասարակության, լրագրողների և այլոց միջև:
«Ձևավորելով դիմացկունություն ապատեղեկատվության նկատմամբ» դրամաշնորհային ծրագրի նպատակները հետևյալն են․
ա․ Ֆինանսական աջակցություն ցուցաբերել հանրային իրազեկման երկարաժամկետ արշավներին, երկխոսության նախաձեռնություններին, դասընթացներին, հանրային միջոցառումներին և քննարկումներին և այլ գործողությունների, որոնք ուղղված կլինեն ՀՀ֊ում քաղաքացիական հասարակության, իշխանությունների, մարգինալացված համայնքների, ԶԼՄ֊ների և քաղաքացիների շրջանում ապատեղեկատվության նկատմամբ դիմացկունության բարձրացմանը,
բ․ Քաղաքացիական հասարակությանն ապահովել անհրաժեշտ տեխնիկական օժանդակությամբ, աջակցությամբ և գործիքներով՝ ժողովրդավարական արժեքների և մարդու իրավունքների պաշտպանությունն ավելի արդյունավետ իրականացնելու համար,
գ․ Աջակցել անկախ ԶԼՄ-ների՝ զեկուցման, իրավունքների վրա հիմնված քարոզչական արշավների և վերլուծությունների ջանքերին:
Freedom House֊ը կաջակցի մինչև երեք տեղական կազմակերպությունների` 6-12 ամիս տևողությամբ ծրագրերին՝ յուրաքանչյուր դրամաշնորհի շրջանակներում տրամադրելով մինչև 20.000 ԱՄՆ դոլար ֆինանսավորում։
Նախագծերի առաջարկները կգնահատվեն ընտրող հանձնաժողովի կողմից, որի կազմում կլինեն ներկայացուցիչներ Freedom House-ից, հիմնական գործընկեր «Իրազեկ Քաղաքացիների Միավորմումը» (ԻՔՄ) և մեկ անկախ մասնագիտացված կազմակերպություն կամ փորձագետ։ Freedom House֊ի հայաստանյան թիմը և ԻՔՄ-ը սերտ համագործակցելու են ընտրված դրամաշնորհառուների հետ՝ իրենց նախաձեռնություններն իրականացնելիս։
Հաջողված նախագծերը պետք է ունենան հետևյալ բաղադրիչները՝
- Իրազեկել ապատեղեկատվության, դրա ծագման, պատճառների և հետևանքների մասին,
- Խթանել քաղաքացիների անմիջական երկխոսությունը, վստահությունն ու դիմացկունությունը,
- Ապահովել տարբեր սոցիալական և տարիքային խմբերի անհատների մասնակցությունը,
- Ներառել Հայաստանի մարզկենտրոններն ու մարզային համայնքները,
- Խթանել և օգտագործել քաղհասարակության կազմակերպությունների, պետական և համայնքային պաշտոնյաների, անկախ լրատվամիջոցների և այլ շահառու խմբերի միջև գործընկերությունը,
- Ամրապնդել հասարակության վստահությունը հայաստանյան անկախ լրատվամիջոցների նկատմամբ ապատեղեկատվության ժամանակներում,
- Նպաստել փաստերի վրա հիմնված լրագրությանը և կառուցողական կարծիքների փոխանակմանը:
Նախապատվություն կտրվի այն կազմակերպություններին և նախաձեռնություններին, որոնք իրենց համարում են խոսքի կամ լրատվամիջոցների ազատությանն աջակցող կամ թափանցիկության, հաշվետվողականության, ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպան կազմակերպություններ: Բացի այդ՝ առաջնություն կտրվի այն հասարակական կազմակերպություններին, որոնք տեղական կամ մարզային մակարդակի գործունեություն են ծավալում Երևանից դուրս:
Հրավերի շրջանակներում դիմումատուներին տրվում է նախագծեր մշակելու լայն հնարավորություն, սակայն հայտադիմումները նաև գնահատվելու են հետևյալ չափանիշներով՝
- Հստակ տեսլական
Արդյո՞ք դիմումատուն հստակ է արտահայտել իրազեկման, կրթության և վստահության ամրապնդման նպատակը, թիրախային խմբերն ու նախաձեռնության գործիքները: - Նորարարություն
Արդյո՞ք դիմումատուն առաջարկում է նորարարական մոտեցումներ, այդ թվում` բովանդակության տարածում, հասարակության ներգրավում, իրազեկում կամ վստահության ձևավորում տեխնոլոգիայի օգտագործման միջոցով՝ ՀՀ-ում ապատեղեկատվության նկատմամբ դիմացկունությունը բարձրացնելու համար: - Գործընկերություն և ներգրավվածություն
Նախատեսու՞մ է արդյոք դիմումատուն ռազմավարական գործընկերություն զարգացնել լրատվամիջոցների, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների, մարդու իրավունքների հարցերով զբաղվող համայնքի, կենտրոնական և տեղական իշխանությունների հետ: - Հասարակության իրազեկում
Արդյո՞ք դիմումատուն ունի մարզային կամ տեղական ուղղվածություն, ինչպես նաև հստակ պատկերացում իր ներկա և/կամ ցանկալի լսարանի մասին և թե ինչպես ներգրավել թիրախային լսարանին ու ծառայել նրա կարիքներին: - Ներառականություն, խտրականության դեմ պայքար և մարդու իրավունքներ
Արդյո՞ք դիմումատուն հաշվի է առնում, թե ինչպես են լրատվամիջոցներում պատկերվում քաղաքական, սոցիալական և մշակութային պատկանելիությունն ու ինքնությունը և արդյո՞ք ձևավորել է խտրականության դեմ պայքարի և ներառականության աջակցման ռազմավարություն։ Արդյո՞ք նախագիծը ներառում է մարգինալացված համայնքներին և բնակչությանը։ Արդյո՞ք նախագիծն արտահայտում է նվիրում ժողովրդավարությանն ու մարդու իրավունքներին և շեշտը դնում սրանց վրա։ - Կազմակերպչական զարգացվածություն և պատրաստվածություն
Արդյո՞ք դիմումը հստակ արտահայտում է առաջարկվող նախաձեռնությունն իրականացնելու կարողությունը։
Նախապատվություն կտրվի Երևանից դուրս գտնվող հայաստանյան մարզային և տեղական մակարդակի նախաձեռնություններին և արշավներին: Դիմումները պետք է արտահայտեն հիմնական կազմակերպչական և/կամ նախաձեռնության կարիքներն ու Freedom House֊ի աջակցությամբ դրանք լուծելու ցանկությունը։
ՈՎՔԵՐ ԿԱՐՈՂ ԵՆ ԴԻՄԵԼ
Այս ծրագրին մասնակցելու իրավունք ունեն միայն ոչ առևտրային կազմակերպությունները, ասոցիացիաները, նախաձեռնությունները և հիմնադրամները, որոնք գրանցված են և գործում են Հայաստանի Հանրապետությունում: Անհատներն ու կառավարությունը, քվազիկառավարական կամ առևտրային գործակալություններն ու մարմինները չեն կարող դիմել ֆինանսավորման համար:
ԴՐԱՄԱՇՆՈՐՀԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ
Դրամաշնորհի տրամադրման ընտրությունը կկայացվի մինչև 2021 թվականի մայիսի 15-ը։ Freedom House֊ը նախատեսում է ֆինանսական աջակցություն ցուցաբերել 2021 թվ․ մայիսի կեսից սկսվող նախագծերին։
Դրամաշնորհի միջոցների բաշխումը կկատարվի Freedom House֊ի հետ պայմանագրի կնքումից հետո։
ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐ
- Հայտադիմումներն ընդունվում են մինչև վերը նշված վերջնաժամկետը,
- Հայտադիմումները պետք է ներկայացվեն էլեկտրոնային եղանակով հայերեն կամ անգլերեն՝ համաձայն տրամադրվող հայտադիմումի ձևի,
- Ծրագրի բյուջեն և բյուջեի նշումները պետք է լրացվեն տրամադրվող ձևաթղթի մեջ և վերբեռնվեն առցանց հայտում մինչև վերջնաժամկետը,
Թերի հայտադիմումները չեն դիտարկվելու։ Յուրաքանչյուր հայտ պետք է ներառի ամբողջովին լրացված հայտադիմումի ձևը, բյուջեն և բյուջեի նշումները։
ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Այս նախաձեռնությունը հանդիսանում է Freedom House֊ի ընթացիկ ծրագրի՝ «Հայաստանում ժողովրդավարական մշակույթի առաջխաղացման» մասը։ Այս նախագիծը երկխոսության հնարավորություններ է ստեղծում քաղաքացիական հասարակության, կառավարության, քաղաքականություն մշակողների, լրագրողների և հասարակության միջև` բացահայտելու ապատեղեկատվության խնդրին անդրադառնալու և Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարությունն ու մարդու իրավունքները պաշտպանելու կառուցողական ուղիներ:
1941 թ.-ին Էլեոնորա Ռուզվելտի և այլոց կողմից հիմնադրված Freedom House-ը Միացյալ Նահանգների շահույթ չհետապնդող, ոչ կառավարական ամենահին կազմակերպությունն է՝ նվիրված ժողովրդավարության և ազատության խթանմանն ու պաշտպանությանն ամբողջ աշխարհում: Freedom House-ն աջակցում է գլոբալ մասշտաբով ազատության տարածմանը՝ շահերի պաշտպանության գործունեության, ազատության վիճակի մշտադիտարկման և խորքային հետազոտությունների միջոցով, ինչպես նաև ամբողջ աշխարհում ժողովրդավարական բարեփոխիչներին անմիջական աջակցությամբ: